Ստեփան Զորյան
Հեղինակը՝ իր մասին
Պետք է ասեմ, որ գրականության բոլոր ժանրերը ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպի արձակը։ Ինչու՞ էր այդպես, որովհետև արձակն ինձ թվում էր ամենաբնական ձևը գրական։ Այստեղ այն էր, ինչ կյանքում. մարդիկ չափով ու հանգով չէին խոսում և ոչ էլ սարքած տեսարաններով։ Բայց արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու հոգեբանությունը տրվում են ոչ արհեստականորեն, առանց ճոռոմության, առանց շատախոսության։ Մի բան, որ ես չէի նկատում բոլոր արձակագիրների մոտ։ Այս հատկությունները ամենից ավելի ես տեսնում էի Լև Տոլստոյի, Չեխովի և մեր Թումանյանի գործերում։ Իսկ ձևի կողմից ինձ գրավում էին ֆրանսիացիները՝ կոմպոզիցիայի փայլուն վարպետներ Ֆլոբերը, Մոպասանը, Դոդեն և ուրիշները։ Տարիների դիտողությունը ինձ բերել է մի այնպիսի եզրակացության, որ ինքնուրույն գրողը ունենում է երեք հիմնական հատկություն. 1) ինքնուրույն լեզու և ոճ, որ բնավ նման չի լինում մյուսներին. 2) սուր աչք կամ սուր դիտողություն, որ տեսնում է այնպիսի բաներ, որ ուրիշները երբեք չեն տեսնում և 3) համակելու և վարակելու ունակություն։ Երբ ծագում է որևէ նյութ, ինձ հետաքրքրում կամ գրավում է նախ և առաջ նրա հուզական, բարոյական կազմը։ Եթե նյութի մեջ (որքան էլ նա հետաքրքրական լինի) չկա այդ՝ ես այն չեմ գրում։ Իսկ եթե հուզական խորք ունեցող նյութը գրավում է և լավ չի մշակվում, այդտեղ իմ ցանկությունը չի մեղավոր, այլ իմ կարողությունը։ շ
Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեց դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմվածքը, ապա «Պապ թագավորը»։ Ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու։ Եվ ահա, երբ բռնկվեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի «Պապ թագավորը», որպես հայրենիքի պաշտպանության օրինակ։
Տասը տարի հետո դրան հետևեց «Հայոց բերդը» վեպը։ Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին՝ ինձ թվում է, թե ես պատմագիր եմ, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր։ Իմ գրական առաջին քայլերից՝ 1910 թվից սկսած մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփողություններ, և դրանից կարևորները (ոչ բոլորը, իհարկե) որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում, այլ խոսքով ասած՝ ես դարձա կարծես պատմական երևույթների արձանագրող։
Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900ժամ, իսկ հանճարեղ Լև Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը։ Aquote2.png