Ջորջ Օրուել «1984»
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս)-ը, բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։
2009 թվականին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։