ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետեւաբար բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին։
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…» ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար։ Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է։
Շատ նորմալ բան է։ Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Իրավունքն է բոլորին եւ նաեւ պարտականությունն է։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնն ընելու, միայն այն է զարմանալին։
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ